Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, հուլիսին մերժել է Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով ամբաստանյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանի բողոքը:

Վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր կայացավ բողոքի քննությունը։ Մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանն իր խոսքում նշեց, որ Մկրտումյանների կողմից անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել և առանձնատան գործով անցնող անձի ոտնձգությունը չկանխելն անխուսափելիորեն կբերեր ծանր հետևանքների առաջացման: Դատախազի խոսքով՝ Արման Մկրտումյանի առանձնատան բակում առկա տեսախցիկների ֆիքսած տեսանյութերից ակնհայտ է, որ հարձակումը Ռիժենկոյի կողմից դադարած չի եղել, և Արման և Գոռ Մկրտումյանի կողմից նրան նույնիսկ ավելի ծանր վնաս հասցնելու դեպքում տեղի չէր ունենա անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում: Վարդգես Սարգսյանը հեքիաթ որակեց Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով անձանց պնդումներն այն մասին, թե նրանք ինքնաձիգերով գնացել են շներին ոչնչացնելու կամ հանրօգուտ աշխատանքով զբաղվելու համար: Ըստ Վարդգես Սարգսյանի՝ պաշտպան Արզումանյանի պնդումները սուբյեկտիվ դատողություններ են, որոնք չեն բխում գործի նյութերից, ուստի ներկայացված բողոքը պետք է մերժել՝ նկատի ունենալով, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի խախտում թույլ չի տրվել: Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա հարձակումը տեղի է ունեցել 2018 թվականի օգոստոսի 28-ին: Մկրտումյանն ու որդին՝ Գոռ Մկրտումյանը, անձամբ են վնասազերծել իրենց բակ մուտք գործած անձանց: Վերջիններս գործով տուժողի կարգավիճակ ունեն:

Պաշտպան Արման Արզումանյանը, սակայն, կարծում է, որ դեպքի օրը Արման Մկրտումյանի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության շրջանակներից:

Նշենք, որ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման բուն գործն արդեն դատարանում է, ամբաստանյալի կարգավիճակ ունի երեք անձ` Հովհաննես Ռիժենկոն, Գագիկ Դանոյանը և Մայիս Մկրտչյանը, որոնք մեղադրվում են ավազակային հարձակման, ապօրինի զենք պահելու և սպանության փորձի մեջ: