ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը իր կադրերին չի նշանակում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների համար պատգամավորի չափանիշներ սահմանելուն:

Նա առաջարկեց փոփոխությունների նախագիծը չհամարել բարեփոխումների նախագիծ, քանի որ ինքը հեռու է այդ մտայնությունից.

«Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման եւ գործունեության կարգի վերաբերյալ: Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Եվ մեր կարծիքին շուտով կարող եք ծանոթանալ, երբ հրապարակվի ռազմավարության ծրագիրը: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, եւ ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»։

Փոխոստիկանապետը նշեց, որ այդ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում. «Իհարկե, կիսում եմ նաեւ հեղինակի կարծիքը, որ ոստիկանական առկա պաշտոններն ավելի շատ քաղաքական ազդեցությունների հակվածություն ունեն, այդ մասով, կարծում եմ, ճշմարտություն կա, բայց դա արձանագրելով ու գնահատելով, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այլ լուծումներ էին պետք: Սա Ոստիկանության դիրքորոշումն է: Ասեմ, որ Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, բայց ԱԺ-ի քաղաքական մեծամասնությունը կողմ է»։

Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ Կառավարության դիրքորոշումն էապես համընկնում է Ոստիկանության դիրքորոշման հետ. «Կառավարությունը մեր կարծիքը հաշվի էր առել, Արդարադատության նախարարության տեսակետն էր հաշվի առել, այնտեղ մեր առարկությունները համապարփակ դրված էին, բայց քանի որ ԱԺ-ն այսօր այլ որոշում է կայացվել, ուրեմն մեզ մնում է հարգանքով վերաբերվել ԱԺ-ի քաղաքական որոշմանը»։

Փոխոստիկանապետի կարծիքով՝ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական սարքելը ճիշտ լուծում չէ. «Ես չեմ կարծում, որ այս փոփոխություններով ոստիկանության նկատմամբ պառլամենտական վերահսկողության ինստիտուտն է ուժեղացվում, բոլորովին ոչ: Սահմանադրությունը արգելքներ է նախատեսում, եւ մինչեւ սահմանադրական փոփոխություններ չլինեն, դա իրականություն չի դառնա։ Կարծում եմ, որ առկա մոդելը որոշակի փոփոխությունների պարագայում ավելի արդյունավետ կգործի»։

Հարցին՝ արդյոք ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանն իր կադրերին է նշանակում, Հովհաննես Քոչարյանն ասաց. «Արման Սարգսյանն իր կադրերին չի նշանակում։ Նա նշանակում է այն կադրերին, որոնք այդ պաշտոնում կարող են աշխատել։ Միակ գերատեսչությունն է, որտեղ կադրային փոփոխությունները շատ արագ է տեղի ունենում, պետք է դրա մեջ ինչ-որ արտառոց բան տեսնել»։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու եւ հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ։