Երուսաղեմում ճանապարհ են գտել, որը հողի տակ էր թաղված մ.թ. 70 թվականից, երբ քաղաքը կողոպտել էին հռոմեացիները, փոխանցում է Nat-geo-ն: 

Դեռեւս 1894 թվականին ճանապարհի հատվածները հայտնաբերել էին բրիտանացի հնագետները, սակայն պեղումները սկսվել են ընդամենը 6 տարի առաջ: Այս ընթացքում հետազոտողները պեղել են մոտ 220 մետր սալարկուղի: Քառակողմ սալարկի տակ գտնվել է ավելի քան 100 մետաղադրամ, որոնց շնորհիվ հնարավոր է եղել որոշել կառույցի տարեթիվը՝ ճանապարհը կառուցվել է մեր թվականության մոտ 31 թվականին: Գիտնականների կարծիքով՝ շինարարությունը պատվիրել է կառավարիչ Պիղատոս Պոնտացին:

Հնագույն ուղուց, ամենայն հավանականությամբ, օգտվել են ուխտագնացները: Այն սկսվում է Հարավային դարպասների մոտ Սիլոամյան լճակից եւ ավարտվում է Տաճարի լեռան ստորոտին: Լճակն Ավետարանում հիշատակվում է Հիսուս Քրիստոսի կողմից կույրին բուժելու պատմության մեջ:

600 մետր երկարությամբ եւ մոտ 8 մետր լայնությամբ փողոցը սալարկված է մեծ քարե սալերով: Հետազոտողները հաշվարկել են, որ շինարարության ժամանակ օգտագործվել է մոտ 10 հազար տոննա կրաքարային ժայռապար: Այն ժամանակների համար սա անչափ տպավորիչ կառույց էր, որը կառուցման լուրջ հմտություններ էր պահանջում: Հնագետները պեղումների ժամանակ գտել են նաեւ նետերի ծայրեր, նետվող քարեր եւ այրված փայտեր: Գիտնականները ենթադում են, որ սա մ.թ. 70 թվականին Երուսաղեմը հռոմեացի զինվորների կողմից գրավելու հետեւանքն է:

«Եթե սա Ա կետից Բ կետ ձգվող սովորական ճանապարհ լիներ, այն այդքան վիթխարի կառուցելու անհրաժեշտություն չէր լինի: Ճանապարհի լայնությունը՝ խնամքով փորագրված քարերի եւ հարուստ դեկորի հետ ցույց են տալիս այս փողոցի կարեւորությունը»,- ասում է հետազոտության համահեղինակ Ջո Ուզիելը:

Հետազոտողների կարծիքով՝ Պիղատոսը կարող էր փողոցը կառուցել հրեա բնակչության հետ հարաբերություններում լարվածության նվազեցման նպատակով:

«Մենք, հավանաբար, չենք կարող իմանալ, բայց այս բոլոր պատճառները հաստատվում են պատմական փաստաթղթերում»,- ասել է մետաղադրամների փորձագետ եւ Իսրայելի Հնությունների վարչության հնագետ Դոնալդ  Արիելը: