Գիշերօթիկ դպրոցներում մարդը սովորում է, կրթություն ստանում, դառնում հանրության լիիրավ անդամը, արդեն պատրաստ մտնում է կյանք: Այս մասին հոկտեմբերի 22-ին խորհրդարանական ժամի ընթացքում, մեկնաբանելով մի շարք գիշերօթիկ դպրոցների լուծարման որոշումը, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ընդ որում, նա նշեց, որ արդեն հասցրել է այդ հարցով բազմաթիվ գրավոր հարցումներ ստանալ ծնողներից, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել: «Ո՞վ է այն մոլորված հոգին, որը կարծել է, թե գիշերօթիկ դպրոցները միայն գիշերելու համար են նախատեսված»,- հայտարարեց Պետրոսյանը՝ իր գործընկերներին կոչ անելով միավորվել եւ իրադարձությունների նման զարգացում թույլ չտալ:  

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել երկրում գործող մի շարք գիշերօթիկ դպրոցներ: