UAVLab ընկերությունը Հայաստանում անօդչու թռչող սարքերի առաջատար արտադրող է, եւ կարճ ժամանակահատվածում կարողացել է հասնել տպավորիչ արդյունքների՝ արտադրել անօդաչուներ, որոնք իրենց բնութագրով անզուգական են։ Հայաստանում ԱԹՍ-ների արտադրության միտումների մասին NEWS.am-ին պատմեց ընկերության տնօրեն Արմեն Վարդանյանը։

ԱԹՍ-ի թեման այսօր ամենաարդիականն է, քանի որ այդ տեխնոլոգիաները միջազգային մակարդակով մի տեսակ առօրյա կյանքի մաս են դարձել։ Ինչպիսի՞ն են այդ ոլորտում հայ մասնագետների մշակումները, ի՞նչ մոդելներ է արտադրում UAVLab-ը։

Մեր ձեռնարկությունը զբաղվում է անօդաչուների մշակմամբ եւ արտադրությամբ։ Ունենք 5 հաջողված մշակում, որոնցից 2-ը անցել են բոլոր անհրաժեշտ փորձարկումները, եւ մոտ ապագայում, հուսով եմ, դրանք կհայտնվեն մեր բանակի սպառազինության մեջ։ Մենք գործնականում «լիարժեք ցիկլով» ենք աշխատում՝ հաշվարկներից եւ մոդելավորումից մինչեւ ծրագրավորում եւ արտադրություն։ UAVLab-ը երկու տիպի անօդաչու է արտադրում՝ ե՛ւ ինքնաթիռներ, ե՛ւ ուղղաթիռներ։

Մասնակցել ենք միջազգային շատ ցուցահանդեսների, անօդաչուի մեր «Բզեզ» մոդելը ամենահաջողվածն է։ Իր չափերի հետ մեկտեղ, իսկ այն շատ փոքր է, կարողանում է 4,6 կգ քաշով օգտակար բեռ բարձրացնել եւ տեղափոխել մինչեւ 9 կմ հեռավորությամբ, ընդ որում այդ ընթացքում անընդհատ 400ք/մ տարածքի տեսագրություն է կատարվում իրական ժամանակում եւ տվյալների փոխանցում է իրականացվում պաշտպանված կապի միջոցով։ Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ դեռեւս գոյություն չունի այս բնութագրերով այլ անօդաչու։ Այդ մոդելը արժանիորեն համարվում է առաջին հայկական գրոհային անօդաչուն։ «Բզեզը» պատկանում է «կամիկաձեի» տեսակին, դրա վրա ինքնաոչնչացման գործառույթ կա։

Երբվանի՞ց է ընկերությունը արտադրում այս մոդելը։

Չնայած այն բանին, որ դրա ստեղծումը եւ փորձնական օրինակը ցուցադրվել են DigiTecExpo-2012-ում, սարքի արտադրությամբ մենք զբաղվել ենք միայն 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ, 2012 թվականին, այն իր հանդեպ պատշաճ ուշադրություն չգրավեց, քանի որ ոչ ոք չէր պատկերացնում, որ նման դրոնները հնարավոր է վերածել արդյունավետ զենքի։ Ապրիլյան իրադարձությունների ժամանակ մենք որոշեցինք մեր ուժերով սկսել «Բզեզի» արտադրությունը, եւ 4-օրյա պատերազմից անմիջապես հետո մենք վերականգնեցինք այդ ուղղությամբ աշխատանքը։ Մեկ ամսվա ընթացքում մենք ոչ միայն վերստեղծեցինք այն, այլեւ անցկացրեցինք բոլոր անհրաժեշտ թեսթերը եւ առաջին փորձարկումը, որը լավ մակարդակով անցավ։ Փորձարկումից հետո մենք կատարելագործեցինք «Բզեզը», եւ այսօր այն համարվում է մրցակցային չափորոշիչներով ռազմամթերք։ Բացի կամիկաձե-քվադրոկոպտեր «Բզեզից», մենք ունենք հետախուզական տիպի՝ 2; 3 եւ 5 ժամանոց թռիչքով մի քանի մոդել, որոնց թռիչքի հեռավորությունը 50-70 կմ է։ Դարձյալ մրցակցային չափորոշիչներով այս բարձրորակ սարքերը ներկայացվել են վերջին ցուցահանդեսներում, իսկ նրանցից երկուսը անցել են փորձարկումների բոլոր փուլերը, եւ այժմ պատրաստվում են դրանց տեխնիկական բոլոր փաստաթղթերը։

Ծրագրո՞ւմ է արդյոք ընկերությունն արտահանել իր արտադրանքը։

Մենք մասնակցել ենք շատ միջազգային ցուցահանդեսների։ Անկասկած, նպատակը միջազգային շուկա դուրս գալն է։ Մենք ինտենսիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մեր արտադրանքի մակարդակը բավական բարձր է, մեկ ամիս էլ չի անցնում առանց հյուրերի, որոնք հետաքրքրված են մեր արտադրանքով։ Արդեն հաջողությամբ առեւտուր ենք անում արտաքին աշխարհի հետ, վաճառում ենք մեր համակարգերի որոշ բաղադրիչներ, գնում ենք արտադրության համար անհրաժեշտ ամեն ինչ։ Մեզ արդեն գիտեն, եւ մենք դանդաղ, բայց կարծես մտնում ենք այդ շուկա։ Վստահ եմ, որ առաջիկա մի քանի տարիներին կգտնենք մեր տեղը սպառազինությունների միջազգային շուկայում։

Ո՞ր կոնկրետ երկրներն են հետաքրքրություն ցուցաբերում հայկական ԱԹՍ-ների հանդեպ։

Մենք արդեն աշխատում ենք ռուսական տասնյակ ձեռնարկությունների հետ, բանակցություններ ենք վարում եգիպտական կառավարության հետ, ուր մեզ հրավիրել էին մասնակցելու պաշտպանության նախարարության տենդերին։ Հետաքրքրություն կա նաեւ Եգիպտոսի այլ ուժային կառույցների կողմից։ Եգիպտական կողմի ներկայացուցիչները մեզ մոտ հյուր են եղել, տեսել են մեր արտադրանքը, նրանց ուղարկվել է մեր առաջարկությունների փաթեթը։ Մենք առաջ ենք շարժվում բանակցություններում եւ հուսով ենք, որ կհամագործակցենք Եգիպտոսի հետ։ Մեր արտադրանքի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ այլ երկրներ, օրինակ՝ Կիպրոսը եւ Հնդկաստանը։ Սակայն մեր ոլորտի յուրահատկությունն այն է, որ եթե պայմանագիրը երկու տարով կնքվի, դա լավ, արագ արդյունք կհամարվի։ Հուսով եմ, որ այդ երկրների հետ կհամագործակցենք, կրկնեմ՝ մեր նպատակը սպառազինությունների միջազգային շուկա դուրս գալն է։ Հայաստանի շրջանակներում համագործակցությունը մենք բիզնես չենք համարում։ Մեր երկրի համար մեր ուժերի չափով ամեն ինչ կանենք, սակայն ֆինանսական շահ այստեղ չենք հետապնդում։ Իր հերթին, հուսով ենք, որ մեր կառավարությունը կփորձի մեզ աջակցել, սակայն ոչ ֆինանսական առումով, այլ, այսպես ասած, կաջակցի «հոգով», ավելին նրանից մենք չենք էլ ուզում։

Ծրագրո՞ւմ է արդյոք ընկերությունը արտադրել դրոններ, որոնք նախատեսված են քաղաքացիական ոլորտում օգտագործման համար։

Այն, որ մեր արտադրությունն ուղղված է ռազմական ոլորտին, նշանակում է, որ մեր արտադրանքի ցանկացած բաղադրիչ կարող է օգտագործվել նաեւ քաղաքացիական նպատակներով։ Ռազմական արտադրությունում նշաձողը շատ բարձր է։ Ես նկատի ունեմ անվտանգությունը, հուսալիությունը, ծրագրային յուրահատուկ ապահովումը, բարդ թեսթերն ու փորձարկումները։ Այդ պատճառով, ոչ մեծ մոդիֆիկացիաներ անցկացնելով, մեր արտադրանքը կարող է հաջողությամբ օգտագործվել նաեւ քաղաքացիական նպատակներով, մենք բաց ենք նաեւ քաղաքացիական հաստատությունների հետ համագործակցության համար։ Մեզ համար որակի ցուցանիշը ռազմական արդյունաբերությունն է, քանի որ դա բարձրագույն որակ է։ Եթե կարողանում ենք մրցակցել այդ ոլորտում, ապա մնացածը մեզ համար դժվարություն չի առաջացնի։

Իսկ Ձեր արտադրանքի հանդեպ արդյոք հետաքրքրություն կա՞ Հայաստանի քաղաքացիական հաստատությունների կողմից։

Մեր արտադրանքի հանդեպ քաղաքացիականների կողմից նույնպես հետաքրքրություն կա։ Հետաքրքրություն են ցուցաբերել լեռնային հանքարդյունաբերական ընկերությունները։ Մի ընկերություն արդեն գնել է ԱԹՍ։ Հետաքրքրություն կա, սակայն կոմերցիոն հաջողության համար դա բավարար չէ։ Ճիշտն ասած, ցանկալի կլիներ ավելի մեծ տարածումը։ Կարծում եմ, աստիճանաբար անօդաչուները շատ հանրահայտ կդառնան։

Զրույցը վարեց Նանա Վահրամյանը