ԱՄՆ-ը չի խոստացել պատերազմ վարել, որպեսզի քրդերին պաշտպանի ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։

Նա նշել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի վաղեմի դաշնակիցն է», եւ իրենք չեն պատրաստվում դաշնակցի հետ պատերազմի մեջ մտնել։ Նրա խոսքերով, ԻԳԻԼ-ի մոտ 11 000 զինյալներ, որոնք գերված են Սիրիայի հյուսիս-արեւելքում, եւ որոնք, ինչպես շատերը կարծում էին, կարող էին փախչել ԱՄՆ-ի հեռանալուց հետո, հիմնականում բանտերում են․ «Մենք տեղեկություններ ունեինք միայն, որ ավելի քան 100 մարդ է փախել»։

Ընդ որում, Էսպերը նշել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվի Սիրիայում քրդերի դեմ ռազմական ենթադրյալ հանցագործությունների համար։

ԱՄՆ մի քանի պաշտոնատար անձինք CNN-ին հայտնել են, թե կարծում են, որ ուժերը, որոնք Անկարան օգտագործել է Սիրիա ներխուժման համար, կազմված են եղել ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունեցող զինյալներից։

«Թուրքիան կարող էր օգտագործել իր կանոնավոր զորքերը, սակայն դրա փոխարեն նրանք որոշել են օգտագործել այդ գլխակերներին, ավազակներին, ծավահեններին, որոնց պետք է վերացնել աշխարհի երեսից»,- վերջերս լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։