Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսով ասել է ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին, որ Դամասկոսը դեմ է իր տարածքների ցանկացած զավթմանը, իսկ երկրի հյուսիսում ստեղծված իրավիճակի համար մեղավոր են նրանք, ովքեր անջատողական նպատակներ են հետապնդում։

«Նախագահ Ասադը հաստատել է, որ Դամասկոսը դեմ է սիրիական տարածքների ցանկացած զավթմանը որեւէ անվան տակ կամ պատրվակով, իսկ նրանք, ովքեր հետապնդել են անջատողական նպատակներ, պատասխանատվություն են կրում ներկա իրավիճակի համար (Սիրիայի հյուսիսում- խմբ.)»,- ՌԻԱ «Նովոստի»-ն մեջբերում է մամուլի ծառայության հայտարարությունը։

Սիրիայի նախագահը նաեւ հայտարարել է Սիրիա փախստականների վերադարձի անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ Դամասկոսը կշարունակի պայքարն ահաբեկչության եւ օկուպացիայի դեմ ամբողջ տարածքում, օրինական բոլոր միջոցներով։

Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռախոսով ասել է փոխըմբռնման հուշագրի դրույթների մասին, որը համաձայնեցվել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա։ Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ գլխավոր խնդիրը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումն է եւ քաղաքական հարթությունում համատեղ ջանքերի շարունակումը, ներառյալ աշխատանքը Սահմանադրական կոմիտեում։ Պեսկովը նաեւ տեղեկացրել է, որ Ասադը աջակցություն է հայտնել ընդունված որոշումներին եւ ասել, որ կողմ է աշխատանքի արդյունքներին, ինչպես նաեւ տեղեկացրել, որ սիրիացի սահմանապահները պատրաստ են ռուսական ռազմական ոստիկանության հետ համատեղ դուրս գալ սահման։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով՝ երեքշաբթի Սոչիում ստորագրվել է ռուս-թուրքական հուշագիր, որի համաձայն՝ 150 ժամում քրդերի ինքնապաշտպանության ուժերը Թուրքիայի սահմանից հետ են քաշվելու 30 կմ արեւմուտք եւ «Խաղաղության ակունք» գործողության գոտուց արեւելք: Հոկտեմբերի 23-ին 12.00-ից սկսած սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում տեղակայվում են ռուսական ռազմական ոստիկանության եւ սիրիական սահմանապահ ծառայության ստորաբաժանումները: Դրանք նպաստելու են սիրիա-թուրքական սահմանից քրդական կազմավորումների եւ նրանց սպառազինության դուրսբերմանը: Դրանից հետքո կսկսվի այդ տարածքում ռուսաստանցի եւ թուրք զինվորականների համատեղ պարեկումը թուրք-սիրիական սահմանից 10 կմ-ի սահմաններում՝ բացառությամբ Սիրիայի հյուսիս-արեւելքում Ղամշլի քաղաքի: