Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրամայել է ապամոնտաժել հարավկորեական կառույցները Կիմգանսանի ամառանոցային գոտում, տեղեկացրել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Կիմ Չեն Ընը շրջել է Կիմգանսանի ամառանոցային գոտու օբյեկտներում, որը մի ժամանակ ակտիվորեն ընդունել է հարավկորեացի զբոսաշրջիկների, եւ քննադատել այնտեղ կառուցված շինությունները՝ դրանք անվանելով «ժամանակավոր բաներ» շինհրապարակում կամ աղետի գոտում։ Մասնավորապես, նա ասել է, որ Հարավային Կորեայի կառուցած օբյեկտներին նայելն անգամ «զզվելի է իր համար», ուստի Սեուլի հետ խորհրդակցություններից հետո դրանք պետք է ապամոնտաժել։

«Հարգարժան բարձր ղեկավարը նշել է, որ մենք պետք է լրիվ ապամոնտաժենք հարավային կողմի կառույցները, որոնց նայելն անգամ զզվելի է, խորհրդակցելով հարավային կողմի համապատասխան ճյուղի հետ, եւ նորից, մեր հայեցողությամբ կառուցենք կենցաղային սպասարկման ժամանակակից հաստատություններ, որոնք ներդաշնակ կլինեն Կիմգանսան լեռան հիասքանչ բնական լանդշաֆթի հետ»,- տեղեկացնում է գործակալությունը։

Կիմ Չեն Ընն իր որոշումը բացատրել է նրանով, որ Կիմգանսանը Կորեայի Հարավի եւ Հյուսիսի միայն մշակութային արժեք չէ, այլ նաեւ միջկորեական հարաբերությունների խորհրդանիշ եւ քարտեզ, ուստի այդ հարաբերությունների բացակայության պայմաններում չի լինի նաեւ զբոսաշրջություն (հարավկորեացի քաղաքացիների համար) Կիմգանսան լեռան վրա»։

Կիմգանսան զբոսաշրջային գոտում 2002 թվականից մտցվել էր հատուկ ռեժիմ, որը թույլ էր տալիս ավելի ակտիվ զբոսաշրջիկներ ընդունել Հարավային Կորեայից։ Բայց 2008-ին հարավկորեացի զբոսաշրջուհու սպանությունից հետո Հարավային Կորեան դադարեցրեց զբոսաշրջային ուղեւորություններն այդ շրջան, իսկ հետո Հյուսիսային Կորեան 2010 թվականին հայտարարեց, որ այսուհետ շրջանը զարգացնելու է ինքնուրույն, առանց Հարավի օգնության։