Ավարտվել է ՀՀ պատվիրակության այցը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան ժողովի վերջին օրը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւայի հետ։

Հանդիպման ընթացքում հայկական կողմը շնորհավորել է տիկին Գեորգիեւային ԱՄՀ տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բարձր է գնահատվել ԱՄՀ դերը զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության կայունացման հարցում։

Քննարկվել են ներկայումս ԱՄՀ հետ համատեղ իրականացվող ծրագրերը, Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները, տարածաշրջանային հնարավորությունները։ 

Հանդիպման վերջում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տիկին Գեորգիեւային հրավիրել է Հայաստան՝ ԱՄՀ հետ համատեղ իրականացվող համաժողովներից մեկին մասնակցելու համար։