Հայաստանի Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել կապված մամուլի մի հրապարակման հետ, ըստ որի Քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ սկանդալ է եղել:

ՔԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է.

«Փաստ» օրաթերթի այսօրվա համարում «Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ հոկտեմբերի 8-ին՝ Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահները:
Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ  որեւէ վիրավորական արտահայտություն  Քննչական կոմիտեի որեւէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել:

Նշենք, որ  խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որեւէ անձ չի  մասնակցել, հետեւաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչեւ դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաեւ հիշյալ հյուրանոցից»:

«Փաստ». «Դրանց ճխլել է պետք». Սկանդալ քննչական կոմիտեի 5-ամյակի խնջույքի ժամանակ