Ղրղզստանի Գերագույն դատարանի Սահմանադրական պալատը քննում է նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին անձեռնմխելիությունից զրկելու օրինականությունը, չորեքշաբթի տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։

Դատավարությունն անցկացվում է բաց ռեժիմով։ Նիստերի դահլիճում ներկա են լրագրողներ եւ պետության նախկին ղեկավարի կողմնակիցները։

Դատավարությունն սկսվելուց անմիջապես հետո իրավաբան Նուրբեկ Տոկտակունովը ինքնաբացարկ հայտարարեց նախագահող դատավոր Կալիբեկ Դույշեեւին։ Պաշտպանի կարծիքով՝ Դույշեեւը կապված է պետության գործող ղեկավարի եղբոր՝ Ասիլբեկ Ժեենբեկովի հետ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի միջնորդությունը քննարկելու համար։

Ղրղզստանի խորհրդարանը ամռանը զրկել էր Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաեւին անձեռնմխելիությունից եւ մի շարք մեղադրանքներ ներկայացրել նրան։ Պատգամավորները նախկին նախագահին կասկածում են Բիշքեկի ՋԷԿ-ի արդիականացման ժամանակ կոռուպցիայի, քրեական հեղինակության ապօրինի ազատ արձակման, հողերի ապօրինի մասնավորեցման եւ այլ հանցագործությունների մեջ։

Ղրղզստանի հատուկ ծառայությունները օգոստոսի 7-8-ին Աթամբաեւին կալանավորելու գործողություն իրականացրին նրա Քոյ-Թաշ գյուղի տանը, որը 20 կիլոմետր է հեռու մայրաքաղաքից։ Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ կիրառեցին։ Աթամբաեւի կողմնակիցները պատասխան կրակ բացեցին։ Առաջին օրը չհաջողվեց բռնել նախկին նախագահին։ Աթամբաեւի կողմնակիցներին գերի ընկավ հատուկ ծառայության վեց մարտիկ։ Հաջորդ օրը նրա կողմնակիցների եւ ուժայինների միջեւ բախումները վերսկսվեցին եւ շարունակվեցին մինչեւ առավոտ, չնայած ինքը՝ նախկին նախագահը, հանձնվել էր ուժայիններին։ Հատուկ գործողության հետեւանքով, առողջապահության նախարարության տվյալներով, տուժել է 136 մարդ։ Մեկ հատուկջոկատային զոհվել է։

Ղրղզստանի ամենախոշոր խորհրդարանական կուսակցության՝ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Աթամբաեւը իշխանությունն իր հաջորդին եւ մերձավոր զինակցին՝ Սոորոնբայ Ժեենբեկովին հանձնեց 2017 թվականին նախագահական ընտրությունների արդյունքում։ Բայց շուտով նախկին նախագահի թիմի անդամների դեմ հարուցվեցին քրեական գործեր։ Ինքը՝ Աթամբաեւը, զրկվեց նախկին նախագահի կարգավիճակից եւ մեղադրվեց ծանր եւ հատկապես ծանր հանցագործությունների մեջ։ Պետության նախկին ղեկավարը քանիցս հայտարարել է, որ բոլոր մեղադրանքներն իր եւ իր կողմնակիցների հասցեին քաղաքականացված են։