Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասնակից երկրները կարող են ստորագրել համաձայնագիր ԵՏՄ տարածքում ոսկերչական իրերի հարգադրոշմների փոխադարձ ճանաչման եւ Եվրասիական ոսկերչական բյուրոյի ստեղծման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների միջեւ կստորագրվի փաստաթուղթ՝ «Համաձայնագիր ԵՏՄ շրջանակում թանկարժեք մետաղներով եւ թանկարժեք քարերով գործողությունների կատարման առանձնահատկությունների մասին»։ Առաջին հերթին, համաձայնագիրը ենթադրում է փոխըմբռնում ոսկերչական իրերի հարգադրոշմների հարցում։ Դա թույլ կտա ապահովել զարդերի ազատ շրջանառում ԵՏՄ տարածքում, ինչպես նաեւ ներդաշնակեցնել ոսկերչական ոլորտի իրավական կարգավորումը։ Վերջապես, խոսքը հարգերի պետական վերահսկողության միասնականացման մասին է կեղծված ոսկերչական իրերի շրջանառությունը կասեցնելու համար։

«Բիզնեսը վաղուց  եւ ակտիվորեն բարձրացրել է հարգերի փոխադարձ ճանաչման հարցը, քանի որ ԵՏՄ այլ երկրներում հարգերը ստանալու անհրաժեշտությունը հանգեցնում էր տրանզակցիոն վնասների փոխադարձ առեւտրում։ Այս համաձայնագրով բիզնեսը կստանա միջոցների եւ ժամանակի խնայողություն ոսկերչական իրերի լրացուցիչ կրկնակի հարգումը բացառելու պատճառով։ Եվ դա լավ պայմաններ կստեղծի ԵՏՄ-ում ապրանքաշրջանառության ծավալների ավելացման եւ արտաքին շուկա արտահանման համար»,- ասել է Ղրղզստանի ֆինանսների փոխնախարար Ալմազբեկ Ազիմովը։

Նշվում է, որ երկրորդ փաստաթուղթը լինելու է ԵՏՄ տարածքում արտադրված ոսկերչական արտադրանքի ներկայացման պլանը երրորդ երկրների շուկաներում։ Պլանի կարեւոր կետերից մեկը Եվրասիական փորձագիտական ոսկերչական բյուրոյի ստեղծումն է։ ԵՏՀ հաշվարկներով, եվրասիական բրենդի օգնությամբ ոսկերչական զարդերի արտահանման ծավալը կավելանա մինչեւ 1,3 մլրդ դոլար։ «ԵՏՄ-ն միանգամայն նպատակաուղղված ձեւով կգործարկի իր սեփական մասշտաբային նախագիծը ոսկերչական ճյուղում, որը թույլ կտա ստեղծել եվրասիական բրենդներ եւ ԵՏՄ-ն ներկայացնել համաշխարհային մասշտաբով»,- պարբերականին ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։