The New York Times պարբերականում հրապարակված անստորագիր հոդվածի հեղինակը, որը խոստովանություն էր պարունակում Դոնալդ Թրամփի աշխատակազմի մի մասի կողմից նրա մի շարք որոշումների փաստացի սաբոտաժի մասին, ամերիկացի առաջնորդի մասին գիրք է գրել եւ պատրաստվում է այն թողարկել, հայտնում է СNN-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Սպիտակ տան չներկայացած բարձրաստիճան աշխատակցի գիրքը կոչվում է A Warning («Նախազգուշացում»): Twelve հրատարակչատան կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ գիրքը կհայտնվի կրպակներում, այս տարվա նոյեմբերի 19-ին հասանելի կլինի նաեւ առցանց պատվերի համար: «Թրամփի նախագահության աննախադեպ անդրկուլիսային դիմանկար՝ վարչակազմի անանուն բարձրաստիճան աշխատակցի կողմից»,- նշված է հրատարակչատան կայքում գրքի նկարագրության մեջ:

Հեռուստաընկերությունը նշում է, որ հեղինակը նախընտրել է հետագայում եւս թաքցնել իր անձը: СNN-ի աղբյուրների տվյալներով՝ նրա անվան գաղտնիությունը պահպանելու համար ընդունվել են անվտանգության լուրջ միջոցառումներ: Ընդ որում՝ աղբյուրները նշում են, որ հեղինակը ապացույցներ է ներկայացրել, որ անցյալ տարի հենց ինքն է եղել The New York Times-ում սկանդալային հրապարակման հեղինակը:

2018 թվականի սեպտեմբերի 5-ին The New York Times-ը հոդված էր հրապարակել, որի հեղինակը, նրա վկայությամբ, ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան աշխատակից է: Հոդվածում նշվում էր, որ ԱՄՆ կառավարության ղեկավարության շրջանում գործում է Թրամփին «դիմադրության շարժում», որին է դասվում նաեւ ինքը՝ հեղինակը: Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմի «բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ջանադրորեն աշխատում են, որ թույլ չտան նախագահի օրակարգի մի մասի եւ նրա ամենավատթար մտադրությունների իրականացումը»: Հոդվածում նշվում էր, որ այդ շարժումը, ըստ էության, սաբոտաժի է ենթարկում Թրամփի այն որոշումները, որոնք սխալ եւ վնասակար է համարում, այդ թվում՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը:

Այս հրապարակումից անմիջապես հետո, ինչպես հայտնել է The Washington Post պարբերականը, Թրամփը եւ նրա օգնականները ձեռնամուխ են եղել հոդվածի հեղինակին հայտնաբերելուն: Պարբերականի տեղեկություններով՝ հրապարակումը հարուցել է նախագահի «հրաբխային զայրույթի նոպա եւ նրան անսահման կատաղության է հասցրել»: