Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը եւ Սամվել Մանուկյանը։

Տիգրան Ավինյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների եւ հանդիպումների կարեւորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի  զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։

Տիգրան Ավինյանը եւ Արչիլ Թալակվաձեն  ընդգծել են նաեւ խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին եւ խորհրդարանական հանձնաժողովների միջեւ համագործակցությանը։

Զրուցակիցները կարեւորել են նաեւ վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների եւ երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։

Վրացական կողմի խնդրանքով Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները եւ կառավարման համակարգի բարեփոխումները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր։