Երեւանում հոկտեմբերի 23-ին շարունակվում է խորհրդարանական քառօրյան, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Պատգամավորները, մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ հաստատել են մի շարք օրենսդրական լրացումներ։ Դրանց թվում են.

Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 99, դեմ՝ 4);

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ընթացակարգային օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 113, միաձայն);

Վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 112, միաձայն);

«Տեսախցիկներով գրանցված տեսանյութերով կամ լուսանկարմամբ ճանապարհային երթեւեկության խախտումների մասին գործերի վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 3)։

 Բացի դրանից, պատգամավորներն առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկել «Ընդերքի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 108, միաձայն)։

Բայց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը վերադարձվել է լրամշակման (կողմ՝ 15, դեմ՝ 94)։