Ֆրանսիան պետք է քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը։ Այս մասին ասաց ֆրանսիական Օվեռն Ռոն Ալպերի դեպարտամենտի ղեկավար Լորան Վոկիեն Երեւանում Հայաստանի հետ բարեկամությանը նվիրված երեկոյում։

«Առավոտյան պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության  հուշահամալիր։ Ինչպես սիրտդ չտրոփի ու չհուզվես, երբ այցելում ես այս հուշահամալիր։ Սգո մեղեդին, որն արտացոլում է հայ ժողովրդի կրած տառապանքները։ Ընդգծում ապրած Ցեղասպանությունը»,- ասել է Լորան Վոկիեն՝ երկու անգամ արտաբերելով «ցեղասպանություն» բառը ֆրանսերեն եւ հայերեն։

«Երբ թանգարանում էինք, պատվիրակության անդամներից մեկը չկարողացավ այլեւս նայել լուսանկարները, որովհետեւ վատ զգաց իրեն։ Այդ պահին ես հասկացա թեւավոր արտահայտության նշանակությունը. երբ հայը ժպտում է, նրա ժպիտի հետեւում արցունքներ են»,- նշեց դեպարտամենտի ղեկավարը։ Նա միաժամանակ ափսոսանք հայտնեց Հայոց ցեղասպանության թեմայի հրապարակային տեղեկությունների անբավարարության առիթով։ «Դրա համար ընդունվել է որոշում՝ այսուհետ բոլոր լիցեյների գրադարաններում կլինի դասագիրք Հայոց ցեղասպանության թեմայով, որը կծանոթացնի երիտասարդ սերնդին հայ ժողովրդի պատմության ցավոտ էջին»,- ասել է Վոկիեն։

«Հարց է ծագում. ինչո՞ւ Թուրքիան համառորեն հրաժարվում է ճանաչել Ցեղասպանությունը։ Թուրքիան պետք է վարվի, ինչպես Գերմանիան, իսկ Ֆրանսիան պետք է քրեականացնի Հայոց ցեղասպանության ժխտումը»,- ընդգծել է դեպարտամենտի ղեկավարը։

Հիշեցնենք, որ ցեղասպանության, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը բազմիցս բարձրացվել է Ֆրանսիայում։