Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։

Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի եւ սփյուռքի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը եւ, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղման համար։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է համատեղ ջանքերի շարունակականության կարեւորությունը՝ ուղղված Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը։

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնթոնի Բարսամյանը ընդգծել է, որ Արցախի շահերի պաշտպանությունը եւ տարբեր հարցերի շուրջ հանրապետության դիրքորոշումը ԱՄՆ պետական եւ հասարակական շրջանակներին ներկայացնելը ԱՀՀ գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախի Հանրապետության ԱԳՆ եւ ԱՀՀ միջեւ հետագա համագործակցության վերաբերյալ։