ԱՄՆ-ը, որը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր, դավաճանեց նրանց՝ թողնելով սահմանին, ստիպելով կռվել թուրքերի դեմ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունը, որը կասկած էր հայտնել, թե քրդերը կհեռանան պայմանավորվածություններում նշված տարածքներից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«ԱՄՆ-ը վերջին մի քանի տարիներին քրդերի ամենամերձավոր դաշնակիցն էր։ Արդյունքում՝ Նահանգները մենակ թողեց քրդերին եւ, ըստ էության, դավաճանեց նրանց։ Իսկ հիմա նախընտրում է քրդերին թողնել սահմանին եւ քիչ է մնում ստիպի, որ կռվեն թուրքերի դեմ»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ միանգամայն ակնհայտ է, որ եթե քրդական կազմավորումները սպառազինություններով չհեռանան, «ապա այդ ժամանակ ստիպված են լինելու հեռանալ սիրիական սահմանապահներն ու ռուսական ռազմական ոստիկանությունը»։

«Եվ փաստորեն մնացած քրդական կազմավորումները կհայտնվեն թուրքական բանակի գլանի տակ»,- ընդգծել է Պեսկովը։

Թուրքիան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության ակունք» գործողությունն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ։ Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ հասցրեց Ռաս էլ Այն եւ մի շարք այլ սիրիական քաղաքների երկու երկրների սահմանին։ ԱՄՆ-ը եւ Թուրքիան հոկտեմբերի 17-ին հայտարարեցին, որ պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունը 120 ժամով ու դուրս բերել քրդական կազմավորումները Թուրքիայի եւ Սիրիայի սահմանի անվտանգության գոտուց 30 կիլոմետր հեռավորության վրա, որը Անկարան մտադիր է վերահսկել ինքնուրույն։ Հրադադարի ռեժիմի գործողությունն ավարտվել է երեքշաբթի, Մոսկվայի ժամանակով ժամը 22.00-ին։