ԱՄՆ դեսպանատունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կառավարամետ ԶԼՄ-ներում եւ հեռուստաալիքներում հայտնված այն տեղեկությունները, թե Բաքվում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ցույցերի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը, հաղորդում է contact.az-ը:

REAL հեռուստաալիքի եթերում նույնիսկ հեռարձակվել են Ազգային խորհրդի անդամ Գյուլտակին Հաջիբեյլիի, ԱՄՆ դեսպանատան աշխատակցի եւ ԵՄ առաքելության ներկայացուցչի հեռախոսազրույցի ձայնագրությունները: Հեռուստաալիքի հաղորդավար Միրշահին Աղաեւը դա ներկայացրել է որպես ԱՄՆ-ի ներգրավվածության եւ նույնիսկ ընդդիմության ցույցերի կազմակերպման ապացույց:

«ԱՄՆ-ի հասցեին ուղղված վերջին մեղադրանքները սուտ են եւ անհեթեթ: Մենք ողջունում ենք տվյալ հարցով հոդվածների հեռացումը: ԱՄՆ-ն աջակցում է անկախ, կայուն, բարգավաճող եւ ժողովրդավարական Ադրբեջանին անկախության հռչակման պահից: Վերջին 26 տարում մենք Ադրբեջանին 1,5 մլրդ դոլարի չափով օգնություն ենք տրամադրել՝ անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, տնտեսական զարգացման, տուրիզմի եւ կրթության ամրապնդման համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ-ը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: 1993-ից մենք ավելի քան 125 մլն դոլար ենք տրամադրել ադրբեջանցիներին, որոնք ստիպված են եղել հակամարտության արդյունքով լքել իրենց հողերը: Բարձր ենք գնահատում մեր գործընկերությունն ու բարեկամությունը Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Մայքլ Դիքերսոնը: