Հայաստանի իշխանությունների գործողությունները սիրիական հարցում կշռադատված են։ Այս մասին հոկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրդական հարցի փորձագետ, քաղաքագետ Վահրամ Պետրոսյանը։

Նա նշեց, որ, մի կողմից, պարբերաբար հնչում է քաղաքական դիրքորոշում ԱԳՆ-ի կողմից, այդ թվում ուղերձների տեսքով, մյուս կողմից՝ Հայաստանը ցուցաբերում է ներգրավվածություն մարդասիրական առաքելության տեսքով եւ պատրաստակամություն՝ ընդունել փախստականների։ «Բնականաբար, սիրիական հարցն ուղղակիորեն շոշափում է մեր շահերը՝ նկատի ունենալով մեծաթիվ հայկական համայնքը։ Այս դեպքում պետք է աշխատել ոչ միայն սիրահայերի, այլեւ լիբանանահայերի հետ, քանի որ չի բացառվում, որ Լիբանանում տեղի ունեցողի ֆոնին սկսվեն ինչ-որ գործընթացներ»,- ավելացրել է Պետրոսյանը։