Հարկային օրենսգրքում տվյալ փոփոխություններով նախատեսվում է հարկային բեռից ազատել մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը: Այս մասին հոկտեմբերի 23-ին ԱԺ նիստում համապատասխան օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ այդ հնարավորությունից կարող են օգտվել ոչ մեծ սննդի օբյեկտները, որոնք տեղակայված են ՀՀ մարզերում, գյուղական խանութները, ինչպես նաեւ ընտանիքները, որոնք ապրում են գյուղերում եւ փոքր բիզնես ունեն:

Ընդ որում, նա նշեց, որ շահառուների հստակ քանակ հայտնի չէ, սակայն դրանց թիվը, մոտավոր հաշվարկներով, հասնում է գրեթե մինչեւ 1000-ի: Օրինագիծը, պատգամավորի խոսքով, ունի սոցիալական ուղղվածություն եւ պետք է նպաստի Երեւանից դուրս միկրոձեռնարկությունների զարգացմանը: