ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ հոկտեմբերի 23–ին մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք՝ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Վերջիններս մեղադրվում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու մեջ: