ՀՔԾ–ում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հարցաքննությունը տևել է մոտ երեք ժամ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ Բաբլոյանը:

Անդրադառնալով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին՝ Բաբլոյանը ևս մեկ անգամ հայտարարեց. «Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել, ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում:  Ես օֆիցիալ հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

Բաբլոյանը հայտարարեց, որ եթե հաստատվի իր մեղավորությունը,  պատրաստ է պատիժս կրելու.

«Ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ պաշտոնի եղած ժամանակ»,–ասաց նա։

Հարցին, արդյոք իր նկատմամբ իրականացվող գործընթացը համարում է քաղաքական հետապնդում, Բաբլոյանը պատասխանեց. «Ես ավելի բարձր եմ համարում ինձ այդ ամեն ինչից»:

Անդրադառնալով վիրահատության ընթացքից իրեն հարցաքննության տանելու մասին տեղեկությանը՝ Արա Բաբլոյանը նշեց.

«Ինքը՝ երևույթը, տհաճ էր, որովհետև ես հատուկ նշեցի, որ սրան մենք պատրաստվել ենք 20 տարի, և սա առաջին անգամ է, և ես կարծում եմ, որ  իրավապահները պետք է ունենան նույն մոտեցումը, ինչ բժիշկները. եթե որևիցե մեկին պետք է բժշկի օգնությունը, չի կարելի այդ պահին բժշկին խանգարել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար: