ՌԴ ՊՆ-ը հրապարակել է Սիրիայի հարցով Թուրքիայի հետ պայմանավորվածությունների կատարման քարտեզը: Ըստ այդ պայմանավորվածությունների՝ թուրք-սիրական սահմանին Սիրիայի սահմանային ծառայության 15 պահակակետ կտեղակայվի:

Նախօրեին ՌԴ եւ Թուրքիայի նախագահները Սոչիում վեցժամյա բանակցություններ են վարել: Նրանք հաստատել են հակվածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության միասնականության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին, Թուրքիայի ազգային անվտանգության ապահովմանն ու աջակցել Ադանայի համաձայնագրին:

Երկու երկրների նախագահները Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակի կարգավորման հարցով համատեղ գործողությունների մասին հռչակագիր են ընդունել: Փաստաթղթի համաձայն՝ հոկտեմբերի 23-ի կեսօրից ռուսական ռազմական ոստիկանությունն ու սիրիացի զինվորականները կտեղակայվեն Սիրիայում թուրքական գործողությունների գոտու սահմանակից շրջաններում: Քրդական ձեւավորումներին կտրվի 150 ժամ թուրքական սահմանից 30-կիլոմետրանոց գոտին լքելու համար, ինչից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի զինվորականները կսկսեն սահմանի համատեղ պարեկությունը: Ռուս եւ թուրք զինվորականները կսկսեն համատեղ պարեկությունը սահմանից դեպի արեւմուտք 10 կմ խորության վրա եւ «Խաղաղության աղբյուր» գործողությունների շրջանից դեպի արեւելք, բացառությամբ Ղամիշլի քաղաքի: