ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը այսօր՝ հոկտեմբերի 23–ին մերժեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Սարգիս Օհանջանյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի ներկայացրած բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Օհանջանյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Վարդեւանյանը։

«Օհանջանյանի մասով կալանովորումը չի կարող խափանման միջոց լինել։ Եթե Նարեկ Մութաֆյանի առումով ներկայացնում են այդ զրույցի հատվածը, Սարգիս Օհանջանյանը ոչ մի արտահայտություն չի արել, որը հաստատված հանգամանք է, փաստորեն Վերաքննիչ դատարանը եւս հաստատված համարեց հիմնավոր կասկածի առկայությունը, որ տեսախցիկ պահելով կարելի է արդարադատության իրականացմանը խոչընդոտել»,-նշեց նա։

Հիշեցնենք՝ Սարգիս Օհանջանյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանն, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը: Մութաֆյանը, ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով, դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»: