ՆԱՏՕ-ն կոչ է անում ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։

Սթոլթենբերգի խոսքով՝ Ուկրաինային աջակցության հարցը դիտարկվելու է առաջիկա երկու օրերին, պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նաեւ ավելացրել է, որ ՆԱՏՕ անդամները մեկ շաբաթ հետո կայցելեն Ուկրաինա։ Փորձագետները կլինեն Օդեսայում եւ Կիեւում, որպեսզի տեղում գնահատեն, թե ինչ վիճակում է ուկրաինական բանակը։

Մեկնաբանելով Ռուսաստանի եւ Թուրքիայի վերջին պայմանավորվածությունները սիրիա-թուրքական սահմանի համատեղ պարեկման մասին՝ Սթոլթենբերգը նշել է, որ առայժմ վաղ է գնահատական տալ։ Միեւնույն ժամանակ, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավիճակի զարգացումը լավատեսություն է ներշնչում, քանի որ կողմերը ձգտում են հակամարտության քաղաքական կարգավորման։