Եվրախորհրդարանականները դատապարտել են Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը եւ հող են նախապատրաստել Անկարայի դեմ նոր ֆինանսական պատժամիջոցների համար, հայտնում է Reuters-ը։

ԵՄ կառավարությունները բողոք են հայտնել Անկարային նրա ներխուժման կապակցությամբ, սակայն կարծիքները բաժանվել են այն հարցի շուրջ, թե ինչպես դրան արձագանքել։ ԵՄ օրենսդիրները արտաքին քաղաքական լուծումների համար ձայնի ուղիղ իրավունք չունեն, սակայն կարող են սահմանափակել ԵՄ-ի կողմից Թուրքիայի ֆինանսավորումը։

«Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիան անհապաղ հեռանա Սիրիայից»,- հայտարարել է գերմանացի աջակենտրոն օրենսդիր Մայքլ Գալերը։

Բանաձեւի նախագիծը, որը ԵՄ օրենսդիրները հինգշաբթի կընդունեն, «Թուրքիայի դեմ համապատասխան եւ նպատակաուղղված տնտեսական միջոցառումների» կոչ է անում։ Տեքստը, որը դեռեւս աննշան փոփոխությունների է ենթարկվում, կոչ է անում սառեցնել ԵՄ թուրքական գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։

Նաեւ Անկարայի հետ ԵՄ մաքսային միության գործողությունների դադարեցման կոչ է արվում, սա ամենամյա առեւտրին 200 միլիարդ եվրոյի վնաս կարող է հասցնել։

Թեեւ եվրոպական օրենսդիրները առեւտրի հետ կապված պատժամիջոցների համար ձայնի ուղիղ իրավունք չունեն, կարող են արգելափակել մոտ  250 միլիոն եվրոյի չափով ամենամյա ֆինանսավորումը, որ Անկարային տրվում է նրա ԵՄ մտնելու ձգձգված գործընթացի շրջանակներում։

Եվրախորհրդարանը նաեւ կարող է արգելափակել ԵՄ-ի կողմից տրվող ցանկացած նոր ֆինանսավորում, որ տրվում էր Թուրքիային իր տարածքում 3 միլիոն սիրիական փախստականների հետ կապված խնդիրները հաղթահարելու համար։

Բանաձեւում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, «վճռականորեն մերժվում են» անվտանգության գոտու հետ կապված Թուրքիայի հավակնությունները, ինչպես նաեւ Սիրիայի հյուսիսային մասում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների համար թուրք պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կոչեր են պարունակվում։