ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն զգուշորեն են ողջունել Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու Գերմանիայի առաջարկը, չնայած դրան, դաշինքում Վաշինգտոնի բանագնացը հայտարարել է, որ պատասխանատվություն պետք է ստանձնի Եվրոպան, այլ ոչ թե ԱՄՆ-ի ուժերը, հաղորդում է Reuters-ը:

Գերմանիան տեղահանված անձանց պաշտպանության համար գոտի ստեղծելու եւ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը շարունակելու ծրագիր է մշակել, սակայն ծրագրի մանրամասները դեռեւս հայտնի չեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը լրագրողներին հայտնել է, որ այդ առաջարկը քննարկել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերի հետ:

«Ես ողջունում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն առաջընթացի հասնելու իրենց առաջարկներն ունեն»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ի դիվանագետները հայտարարել են, որ Գերմանիան իրական ելք է առաջարկում: Նրանք հավելել են, որ առաջարկը, հնարավոր է, ՄԱԿ-ի ԱԽ-ի հավանության կարիքը ունենա:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Քեյ Բեյլի Հաթչիսոնը դրական է գնահատել Գերմանիայի ծրագիրը: «Այդ ոլորտում դեռեւս անելիքներ կան: Եթե թուրքերը միջազգային հանրությունից ավելի շատ օգնություն խնդրեին, ապա, կարծում եմ, եվրոպացիները կկարողանային ընդառաջ քայլ անել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, դեսպանը զգուշացրել է, որ վստահ չէ՝ ինչպես Գերմանիայի առաջարկը կազդի Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ Սիրիայի հարցով ձեռքբերված համաձայնության վրա: Նա հավելել է, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կարող են աջակցել Գերմանիայի առաջարկին:

Հարցին՝ արդոք ԱՄՆ-ը կարող է միանալ այդ նախառնությանը, նա պատասխանել է, որ այդ գործընթացում չի տեսնում ԱՄՆ-ի դերը: