Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին ասել է, որ Եվրոպական միությունից երկրի դուրս գալու նոր հետաձգում չի ուզում եւ վստահ է, որ դեռեւս կարող է մինչեւ հոկտեմբերի 31-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի գործարքը, Reuters-ին հայտնել է Ջոնսոնի մամուլի քարտուղարը։

Ի պատասխան այն հարցի, թե կարծում է արդյոք Ջոնսոնը, որ կարող է մինչեւ հոկտեմբերի 31-ը հասնել խորհրդարանի կողմից գործարքը հավանության արժանացնելուն, մամուլի քարտուղարն ասել է․ «Այսպիսին է եղել տեղեկատվւթյունը, որ վարչապետը հաղորդել է Դոնալդ Տուսկին այս առավոտյան»։ Նա նաեւ հավելել է, թե շատ պարզ է, որ հասարակությունն ուզում է, որ Brexit-ը իրականանա, եւ իրականանա մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրիտանիայի Համայնքների պալատը ձայների 322-ը 308-ի հարաբերակցությամբ հետաձգել էր կառավարության արագացված տեմպերով (որպեսզի հասցնեն մինչեւ Brexit-ի օրը՝ հոկտեմբերի 31-ն ընդունել համաձայնագրի վավերացման մասին օրենքը) առաջարկը։