Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) եւ Աֆրիկայի երկրները քննարկում են ազգային արժույթների փոխադարձ հաշվարկները, որպեսզի խուսափեն քրոս-կուրսի ծախսերից, «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Տիգրան Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՀ-ն եւ Աֆրիկյան միությունը ծրագրում են «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովում փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Սարգսյանը հստակեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարեւոր հարցեր ուղիղ քննարկել, եւ դրանցից մի քանիսի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են։

«Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկյան գործընկերներին, այն է, թե ինչպես մենք պետք է իրականացնենք փոխադարձ հաշվարկները»,- ասել է Սարգսյանը։ Նա ընդգծել է, որ ազգային արժույթների հաշվարկների հարցը քննարկվում է հենց Աֆրիկյան միության ներսում, որպեսզի հեշտանա երկրների միջեւ առեւտուրը։

«Հարց է առաջանում, թե ինչպես պետք է Աֆրիկայի երկրները առեւտուր անեն Եվրասիական տնտեսական միության հետ, եթե մենք ուզում ենք խուսափել քրոս-կուրսերից, որոնք հաշվարկված են դոլարով, եվրոյով, որպեսզի հաշվարկները լինեն ազգային արժույթով, եւ կուրսերն էլ որոշակիացվեն»,- հավելել է նա։