Քրեական հեղինակություն Տարիել Օնիանիին (Տարո) Ռուսաստանից Իսպանիային են արտահանձնել, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկին։

Ինչպես նշել է Վոլկը, Օնիանին Ինտերպոլի խողովակներով հետախուզվում էր այդ երկրի տարածքում հանցավոր խմբավորման անդամ լինելու կասկածանքով։ Խմբի մասնակիցները զբաղվում էին արվեստի գործերի առեւանգմամբ, ինչպես նաեւ՝ շորթմամբ։ Ապրիլին Տարոյին նրա հետախուզման եւ ձերբակալության միջազգային ծանուցման հիման վրա Օրենբուրգում էին կալանավորել։

«Օրենքով գողին» չէին կարողացել արտահանձնել ռուսական քաղաքացիություն ունենալու պատճառով, սակայն ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները պարզել էին, որ այն ստացել է օրենսդրության խախտմամբ։ Դրանից հետո Տարիել Օնիանիին զրկել էին քաղաքացիությունից։ Չորեքշաբթի օրը նրան տարել են «Շերեմետեւո» օդանավակայան եւ հանձնել իսպանական ոստիկանության ներկայացուցիչներին։

Իսպանիային Տարոյի հնարավոր հանձնման մասին հայտնի էր դարձել այս տարվա գարնանը։ Այն ժամանակ երկրի հակակոռուպցիոն դատախազությունը Ռուսաստանին պաշտոնական հայց էր ուղարկել, որտեղ Օնիանիին մեղադրել էր երկրի տարածքում անօրինականորեն ձեռք բերած փողերի լվացման մեջ։ Իսպանիայում Տարոյին 8,5 տարվա ազատազրկում եւ 50 միլիոն եվրոյի տուգանք է սպառնում։

Մինչեւ քութաիսյան գողական կլանի ղեկավարի ապրիլյան կալանավորումը Օնիանին մարդ առեւանգելու եւ դրամաշորթության մեղադրանքով պատիժ էր կրում Սոլ Իլեցկի «Սեւ դելֆին» հատուկ ռեժիմի №6 գաղութում։ Ժամկետը պետք է ավարտվեր 2019թ․ հունիսի 11-ին, սակայն Տարոյին հաջողվել էր հասնել պատժաժամկետի մինչեւ 9 տարի եւ 10 ամիս կրճատմանը։ 2018թ․ ՌԴ ՆԳ նախարար Կոլոկոլցեւը քրեական հեղինակությանը Ռուսաստանից վտարելու մասին հրաման էր ստորագրել։

ԶԼՄ-ները հայտնում են, որ Օնիանին ամենաազդեցիկ հեղինակությունն է քրեական աշխարհում։