Հայոց ցեղասպանության հարցը բարձրացվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ, երբ քննարկվում էր Սիրիա Թուրքիայի ներխուժման հետ կապված իրավիճակը։

ԱՄՆ պետքարտուղարի Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, ինչպես նաեւ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին։ Խոսելով Թուրքիայի վատ վարկանիշի մասին՝ կոնգրեսական Ալբիո Սայրեսը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ արդեն եղել են նման դեպքեր, հատկապես հայերի հանդեպ։ «Ես ցնցված էի թշնամանքից։ Դա ինձ հիշեցնում էր ատելության մասին, որը նրանք տածում էին հայերի հանդեպ, եւ որը հասցրեց Հայոց ցեղասպանությանը»,- հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը։

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը հարցով դիմել է Մեթյու Փալմերին․ «Մեզ ասել են «մի ճանաչեք Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիան ԱՄՆ-ի մեծ դաշնակիցն է, այդ հարաբերությունները վտանգի մի ենթարկեք», եւ ինչո՞վ դա մեզ համար վերջացավ»։ Իր պատասխանում Փալմերը հայտարարել է 1915թ․ 1,5 միլիոն հայերի եղեռնի մասին, եւ այդ իրադարձություններն անվանել է «20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը»։ Դրանից հետո Շերմանը ստիպված է եղել բերել Ֆրանսիայի օրինակը, որը ճանաչել է ցեղասպանությունը, սակայն հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ։ «Մենք վախեցանք։ Մենք խայտառակվեցինք թղթե վագրի առջեւ, որին հակադրվելու արիություն ունեցան ֆրանսիացիները։ Մենք ոչնչի չհասանք այն տեսակետից, որ Թուրքիային մեծ դաշնակից անվանեցինք»,- հավելել է նա։