NEWS.am–ի տեղեկություններով՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր՝ հոկտեմբերի 25–ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԺ քարտուղարության երկարամյա պետ Թաթուլ Սողոմոնյանը: Հիշեցնենք՝ այս գործով երկու բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ էլ հարցաքննվել են երեկ՝ հոկտեմբերի 24–ին։ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կասկածյալի, իսկ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը վկայի կարգավիճակով։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

Այս գործի շրջանակներում երեկ  կալանավորվել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացման օժանդակելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիք կատարելը)   մասով նախատեսված  հանցավոր արարքների կատարման համար։