Անգամ Porsche ընկերությունում են ընդունում, որ ավանդական ըմբռնմամբ ավտոմեքենաների օրերը հաշվված են, ապագան մոբիլության համալիր լուծումներինն է, գրում է «Մոտոր»-ը։

Porsche-ի IT տնօրեն Լուտց Մեշկեն Autocar պարբերականին ասել է, որ ավտոմեքենաների արտադրությունը սովորական իմաստով ներկայում այլեւս ի վիճակի չէ ապահովել ընկերության գործունեությունը։ Ուստի, բիզնեսը պետք է վերակազմակերպել այնպես, որպեսզի հնարավոր լինի ազդել ավտոմեքենաների արդյունաբերության զարգացման վրա գլոբալ իմաստով։ Դրա համար Porsche-ը պատրաստվում է ակտիվորեն ներդրումներ կատարել սթարտափերում, որոնք զբաղվում են մոբիլության ապահովման տեխնոլոգիաներ ստեղծելով։ Ենթադրվում է, որ հետագայում էլ ավելի շատ մարդիկ կհրաժարվեն անձնական մեքենայից, բայց նրանց հարկավոր կլինի փոխարենն ինչ-որ բան առաջարկել։

Հնարավոր լուծումների մեջ կարող են լինել մեքենաների ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ վարձակալումները կամ բաժանորդագրության ֆիրմային ծրագիրը, որն արդեն գործում է ԱՄՆ մի քանի քաղաքներում, իսկ շուտով կգործարկվի նաեւ Եվրոպայում եւ Ասիայում։ Մեգապոլիսների բնակիչների համար ակտուալ է նաեւ պայքարը խցանումների դեմ, ուստի Porsche-ն հետաքրքրվում է նաեւ ճանապարհային երթեւեկության զարգացման տեխնոլոգիաներով։ Մեշկեն կարծում է, որ արդեն շուտով մակնիշի հաճախորդները, որոնք այսօր կարող են գնել 3-4 մեքենա, կգնեն միայն 1-2-ը։ Ուղղակի վաճառքի անկման կորուստները փոխհատուցելու համար հարկ կլինի ուշադրություն դարձնել ավելի հեռանկարային բիզնես-մոդելների վրա։