Այս տարվա 10 ամիսներով ունենք 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, չնայած գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու այս տարի, բայց ֆինանսների նախարարությունը գնահատում է 6,3 տոկոս, չնայած ԿԲ-ն 6,9 տոկոս է գնահատում տնտեսական աճի ցուցանիշը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը բոլորը վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականներ՝ բարձրացման միտումով: Այսինքն նախկինում իրենց արած կանխատեսումները փոխել են պլյուսով»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ ըստ այդմ, այս տարվա 10 ամիսների արդյունքում ունենք արդյունաբերական արտադրանքի ծավալի 9,7 տոկոս աճ, շինարարության 4,4 տոկոս աճ, առեւտրի շրջանառության 8,8 տոկոս աճ, ծառայությունների 15,5 տոկոս աճ.

«Ունենք նաեւ միջին ամսական աշխատավաձի աճ 5,9 տոկոս, որից 7,6 տոկոսը պետական հատվածում, 4,1 տոկոսը մասնավոր հատվածում:

Հատկանշական է արտահանման ոլորտում աճը. Մենք արդեն ունենք 7,9 տոկոս արտահանման աճ, ընդ որում տարվա սկզբին մինչեւ 3 տոկոսով կրճատում ունեինք:

Սպառողական գների ինդեքսի ցուցանիշը, որը գնաճի ցուցանիշ է, կազմել է 1,6 տոկոս: Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում եւ նույնքան նեղսրտում են, երբ գնաճը ցածր է լինում: Դրա համար 1,6 տոկոսը, կարծում եմ՝  այն ցուցանիշն է, որը մեր տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու հնարավորություն կտա»,-ընդգծեց նա: