Հայաստանի կառավարությունը ստանձնել է հանձնառություն ձեւավորել ավելի թափանցիկ եւ պատասխանատու կառավարում, հասանելի դարձնել տեղեկատվությունը կառավարության ցանկացած օղակի գործունեության վերաբերյալ, բարձրացնել պետական կառավարման համակարգի մարմինների  գործողությունների հրապարակայնությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշեց Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթախչյանը:

Նրա խոսքով, 2018 թվականին հաստատված Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը հանձն է առել իրականացնել հավակնոտ բարեփոխումներ, ներառել օրենսդրական փոփոխություներ քաղաքացիների համար կարեւոր ոլորտներում:

«Հենց դրանցից մեկն էլ իրական սեփականատերերի բացահայտման գործընթացն է: Հայաստանը Բաց կառավարման գործընկերության շրջանակներում 14 կառավարությունների հետ միասին միացել է բաց սեփականատերեր առաջնորդների թիմին՝ ձեւավորելով իրական սեփականատերերի բացահայտման հարթակ:

2017 թվականին դառնալով արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ, հայաստանը պարտավորություն է վերցրել 2020 թվականից հրապարակել մետաղական հանքարդյունաբերույթյան ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերի հանրային ռեգիստրը:

2018-ի ապրիլին ԱԺ կողմից ընդունվեց իրական սեփականատերերի բացահայտման գործընթացը եւ շրջանակը սահմանող օրենքների փաթեթները, որով իրական սեփականատարերի բացահայտմն իրավական հիմքերը դրվեցին»,-ասաց նա:

Ղալթախչյանը նաեւ ընդգծեց, որ սկսելով մետաղական հանքերի սեփականատերերի բացահայտումից իրենք փուլ առ փուլ ընդլայնելու են տարբեր ոլորտներում գործունեությունը ծավալող, պետական ռեգիստրում՝ գրանցում ունեցող իրավաբանական անձանց սեփականատերերի բացահայտման եւ նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր եւ հասանելի հարթակի ներդրման գործընթացը: