Տոկիոյի ավտոսարահում Lexus-ը ներկայացրել է LF-30 Electric EV կոնցեպտը, հաղորդում է RG-ը:

LF-30 Electric EV-ն ամբողջությամբ պատրաստված է ֆուտուրիստական ոճով: Ներդրված շարժիչներով հսկայական անիվներ, կարճ ծածկ, «ճայի թեւեր» դռներ, ապակե տանիք, ետնապակու բացակայություն եւ անհավատալի կորությամբ թափք. այդ ամենն ապագայի ավտոմեքենայի տպավորություն է ստեղծում:

Այդ կոնցեպտը ավտոմեքենաների նոր գծի համար սկիզբ է հանդիսանում, որոնք, բացի էլեկտրական շարժակից, կարող են պարծենալ 4-րդ մակարդակի ավտոպիլոտով:

Կոկպիտի դիզայնը հետեւում է tazuna կոնցեպցիային: Ճապոներենից թարգմանաբար դա նշանակում է «երասանակ»: Ենթադրվում է, որ վարորդը կվարի ավտոմեքենան՝ ինչպես ձի հեծնողը: Խոստանում են նաեւ ժեստերի կառավարում, հավելյալ իրականություն եւ առաջադեմ մուլտիղեկ:

Նոյեմբերին Lexus-ը ծրագրում է ավելի առօրեական էլեկտրամոբիլ ներկայացնել, որը կպատրաստվի առկա մոդելի հիմքով, սակայն այլ մանրամասներ հայտնի չեն: