Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողովին: 

Նախարարը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանը, ԱՄՆ ՄԶԳ-ին եւ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին միջոցառումը հնարավոր դարձնելու համար եւ նշել, որ հատկապես վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների կառավարությունները գիտակցում են, որ հարկերից խուսափելու, փողերի լվացման եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցներից մեկը իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկության հասանելիությունն է:

«Հայաստանի իշխանությունն այսօր, ավելի քան երբեւէ հավատարիմ է ԲԿԳ գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորություններին եւ պատրաստ է  աշխատանքներ իրականացնել իրական սեփականատերերի մասին տեղեկության բացահայտման ուղղությամբ»,- ասել է Ռուստամ Բադասյանը եւ շեշտել, որ Արդարադատության նախարարությունը՝ որպես այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու պատասխանատու կառույց, պատրաստակամ է սերտ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ այս ուղղությամբ Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզը միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու եւ շահագրգիռ կողմերի  հետաքրքրությունները դրանում արտացոլելու նպատակով:

Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով:

Միջոցառման մասնակցել են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիաննա Ղալթաղչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, այլք: