Որպես քաղաքացի ես չեմ պաշտպանում հանքերի շահագործումը, բայց որպես նախարար պետք է հետեւեմ օրենքի տառին։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հոկտեմբերի 29-ին ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե պետք է արդյոք շահագործվի Ամուլսարի հանքավայրը։

Գրիգորյանը նշել է, որ այդ հարցն իր համար երկու հարթությունում է գտնվում։ «Որպես մարդ ես չեմ դիտարկում որեւէ հանքավայր որպես Հայաստանի երկարատեւ զարգացման հիմք։ Զարգացման համար շատ ավելի մեծ հնարավորություններ են դրված անտառների եւ կենսոլորտի այլ ռեսուրսների պատասխանատու օգտագործման մեջ։ Իսկ որպես նախարար ես պետք է նշեմ, որ կառավարությունն ավելի վաղ, իշխանափոխությունից առաջ, մի քանի արտոնագրեր է տվել «Lydian Armenia» ընկերությանը։ Հիմա պետք է ստուգել բոլոր եզրակացությունները՝ արված լիբանանյան «Էլարդ» ընկերության կողմից։ Գիտությունների ակադեմիայի մասնագետներն անհամապատասխանություններ են գտել այդ եզրակացություններում։ Եթե այդ անհամապատասխանությունները հաստատվեն, դրանք կարող են փոխել իրադրությունը հանքավայրի հետ կապված»,- ասել է նախարարը։

Բացի այդ, Գրիգորյանի խոսքով՝ հիմա հատկապես սեւեռուն ուսումնասիրվում է տարածաշրջանի ջրային ռեսուրսը, ընդ որում՝ ոչ միայն հանքային, այլեւ առհասարակ՝ խմելու ջրերի։