Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության լրատվական ծառայությունից։

Վարչապետը ողջունել է տիկին Դի Կարլոյի այցը Հայաստան և կարևորել ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև ձևավորված սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ՄԱԿ-ի կողմից ցուցաբերվող օժանդակությունը: Վարչապետը կարևորել է Ընտրական օրենսգրքում այնպիսի բարեփոխումների անցկացումը, որոնք կերաշխավորեն ընտրությունների արդար և թափանցիկ իրականացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է հետևողականորեն առաջ մղելու բարեփոխումները՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով տեղակալը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներն ու ընդգծել ՄԱԿ-ի պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցելու ՀՀ կառավարության հետ: Ռոզմարի Դի Կարլոն շնորհավորել է վարչապետին Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հայ գործընկերներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ծրագրին վերաբերող տարբեր հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռոզմարի Դի Կարլոն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել բարենպաստ մթնոլորտի ձևավորումն ու փոխվստահության հիման վրա բանակցությունների առաջ մղումը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող այլ հարցերի շուրջ: