ԱՄՆ նախկին փոխնախագահ, 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը ողջունել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։

«Ողջունում եմ Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թվականներին հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը:

Ընդունելով ցեղասպանության փաստը՝ մենք հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին եւ երդվում՝ այլեւս երբեք»,- գրել է նա իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։

405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձեւի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։

Նշենք, որ բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը եւ Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին եւ ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարեւորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձեւի տարբերակը։