Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այս մասին Antena 3-ին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք տեղի չի ունենա, այլ համագոյակցությունը: Մենք ականտես ենք դառնում անկախության շարժման ձախողմանը՝ քաղաքական տեսանկյունից: Պատրաստ եմ երկխոսություն վարել տարածաշրջանային իշխանությունների հետ ժողովրդավարական օրենքների շրջանակում»,- ասել է նա:

2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորության կազմից դուրսբերման մասին քվեարկություն է տեղի ունեցել: Մադրիդը սկզբնապես դեմ էր ոչ լեգիտիմ հանրաքվեին եւ հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը անկախ հանրապետության հռչակման մասին բանաձեւ է ընդունել, որին ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործարկել են սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավորումը:

Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել: Մադրիդը բազմիցս հայտարարել է, որ նման հանրաքվեի անցկացում թույլ չի տա: