Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի մասով մենք հակասական իրադրություն ունենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը։

«4 զինծառայող պնդում են, որ մարզպետը այնտեղ է եղել, միաժամանակ ունենք մարզպետի շենքի դիմաց տեղադրված օբյեկտիվ հսկողության սարք, եւ ըստ տեսաձայնագրության՝ մարզպետը՝ 22։30 մտնում է շենքի մուտք եւ 00։30-ին շքամուտքից դուրս է գալիս։ Զինծառայողներըն առերես էլ են պնդել, որ մարզպետն այնտեղ է եղել, դեռ քննությունը չի ավարտվել, չնայած մենք տեսաձայնագրառային փորձաքննություն նշանակել ենք, եւ ըստ եզրակացության՝ այն մոնտաժված չէ, հետեւաբար 2 հակասական իրադարձություն ունենք, որը պետք է քննել»,-նշեց նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի եւ Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 

Հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Մարզպետի օգնականը կալանավորված է: Մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով միջադեպը՝ որոշել է հրաժարական տալ։

Բժիշկները պաշտպանության նախարարության փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր են գնահատում։