Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այդ ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է չորեքշաբթի ընկերության հաշվետվությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ավարտել ենք 2019 ֆինանսական տարին չորրորդ եռամսյակի հասույթի ամենաբարձր ցուցանիշներով, որն ավարտվել է սեպտեմբերի 28-ին։ Դա պայմանավորված է մեր ծառայությունների սեգմենտների, կրիչ էլեկտրոնիկայի եւ  iPad աճի արագացմամբ»,- նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը։ Նա ճշտել է, որ հասույթը միայն Apple-ի ծառայությունների մատուցումից 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կազմել է ռեկորդային՝ 12,5 մլրդ դոլար։

Զուտ շահույթը եռամսյակում կազմել է 13,686 մլրդ դոլար՝ նվազելով 2018 ֆինանսական տարվա նույն ցուցանիշի համեմատ, որը 14,125 մլրդ դոլար էր։ Վաճառքի ծավալը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում հասել է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,949 մլրդ-ի, Չինաստանում՝ 11,134 մլրդ-ի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ-ի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ-ի։

iPhone սմարթֆոնները նախկինի պես Apple-ին բերում են ամենամեծ հասույթը մնացած ապրանքների համեմատ։ iPhone-ի վաճառքի ծավալները չորրորդ եռամսյակում կազմել են 33,352 մլրդ 2018 ֆինանսական տարվա նույն ժամանակաշրջանի 36,755 մլրդ-ի համեմատ։ Ընկերությունը հաշվետու շրջանում վաճառել է iMac համակարգիչներ՝ 6,991 մլրդ (7,340 մլրդ 2018-ին), iPad պլանշետներ՝ 4,656 մլրդ դոլարի (3,983)։

Ընկերության բաժնետերերի դիվիդենդները եռամսյակում գերազանցել են 21 մլրդ դոլարը։ Ընկերությունը կանխատեսում է, որ իր հասույթը 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմի 85,5-89,5 մլրդ դոլար, իսկ օպերացիոն ծախսերը՝ 9,6-9,8 մլրդ-ի սահմաններում։

1976-ին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետ համակարգիչներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ Կորպորացիան, որի կենտրոնակայանը Կուպերտինոյում է, աշխարհում ամենախոշորներից է, նրա շուկայական կապիտալացումը 2018-ի աշնանը գերազանցել է 1 տրլն դոլարը, բայց ներկայում նվազել է՝ հասնելով 960 մլրդ-ի։