Պետք է հասկանանք, թե որն է առարկայի նպատակը եւ ինչ խնդիր ենք մենք լուծում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցին։

«ՀՀ կառավարության եւ Մայր Աթոռի համատեղ հանձնախմբի շրջանակներում տեղի է ունեցել կրթական խնդիրներով ենթահանձնախմբի մեկ հանդիպում, որի ժամանակ նշվել է, որ այժմ քննարկվում եւ մշակվում են չափորոշիչները, թե յուրաքանչյուր առարկայի մասով մեր առջեւ ինչ խնդիր ենք դնում, նաեւ  պետք է հասկանանք յուրաքանչյուր առարկայի նպատակը, թե ինչ խնդիր ենք մենք լուծում։ Եթե մեր առջեւ դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»,-նշեց նա։

Արեւիկ Անափիոսյանի կարծիքով՝ եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ»։

Նրա խոսքով՝ եթե առարկայի նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա բոլոր առարկաները դրան պետք է միտված լինեն․ «Իսկ եթե մենք մեր առջեւ նպատակ ենք դնում, որ արժեքային հենք ձեւավորենք սովորողների մոտ, ապա կարծում եմ դա ոչ թե մեկ առարկայի խնդիր պետք է լինի, այլ բոլոր առարկաներն էլ պետք է միտված լինեն ճիշտ արժեքային հենք ձեւավորելուն»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցնում է՝ կրոնների մասին  դպրոցներում կրոնների ուսումնասիրման համար կա մշակված «Տոլեդոյի սկզբունքները»․

«Մենք փորձում ենք հասկանալ, թե որն է ուսումնասիրության խնդիրը։ Եթե ուսումնասիրության խնդիրը հասկանալն է, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ դավանաբանական հենք ունի, այդ դեպքում նաեւ աշխարհում կա փորձ, որ ուսումնասիրվում են մյուս կրոնների պատմությունները։ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը մշակել է «Տոլեդոյի սկզբունքները» կրոնների պատմությունն  ուսումնասիրելու համար, որտեղ ասվում է, որ հոգեորդություն չպետք է լինի, քարոզ չպետք է իրականացվի դասի ժամանակ, եւ կա, որ տվյալ պետության առանձնահատկություններից ելնելով հնարավոր է կրոնների ուսումնասիրություն ժամանակ մեկի մասին ավելի մանրամասն ու խորը ուսումնասիրություն արվի, բայց արգելվում է որեւէ կրոն բացասական լույսի ներքո ներկայացնել, այսինքն՝ կան սկզբունքներ, որոնք պետք է հաշվի առնենք, սակայն չկա որոշում, թե առարկան ինչ ձեւով է դասավանդվելու»։

Նա վստահ է՝ ՀԱԵ հետ կկարողանան համաձայնության գալ․ «Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցության, որտեղ մենք կկարողանանք հասկանալ, թե որն է առարկայի առանձին կամ միավորված ունենալու նպատակը եւ ուսումնասիրության խնդիրը, դրանց շուրջ վստահ եմ՝ գալու ենք համաձայնության, իսկ թե ինչ մեթոդով է հարցը լուծվելու, ապա կան մանկավարժներ եւ գիտության ներկայացուցիչներ, որոնք մեզ լավագույնս կկարողանան օգնել եւ աջակցել, թե մեր առջեւ դրված նպատակը ինչպես կարող ենք լուծել։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցնեից մեկը գրել էր, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում չի լինի, այն կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արձագանքել էր, որ տեղյակ չէ ԿԳՄՍ նախարարության նման մտադրություններին ու ծրագրերին, այս մտադրությունը որեւէ հարթակում չի քննարկվել Մայր Աթոռի հետ։