«Հինգերորդ ալիքին» պաշտպանել եմ որպես հեռարձակող, բայց ամեն դեպքում չեմ ողջունում նրա խմբագրական քաղաքականությունը: Այս մասին հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը՝ մեկնաբանելով արեւմտամետ ՀԿ-ներից մեկի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի գործողությունները, որը մի շարք լրատվամիջոցների արգելել էր լուսաբանել իր կազմակերպած միջոցառումը եւ վիճաբանության մեջ էր մտել ընդդիմադիր հեռուստաալիքի նկարահանող խմբի հետ:

Հակոբյանը հերքեց այն լուրերը, որ որոշ հեռուստաընկերություններ, ինչպես «Հինգերորդ ալիքը», «Երկիր մեդիան» եւ «Կենտրոնը» մոտ ժամանակում զրկվելու են հեռարձակման լիցենզիայից:

Սակայն այնուհետեւ ՀՌԱՀ ղեկավարը հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցից կարելի է հակառակ եզրակացությունները կատարել: Նա, մասնավորապես, նշեց, որ բացի հանրային թվային մուլտիպլեքսից, Հայաստանում, ըստ օրենքի, պետք է գործի նաեւ մանսավոր մուլտիպլեքս: «Ցավոք, ներկա օրենքում այնպիսի պայմաններ են դրված մուլտիպլեքսի կառուցման համար, որը շահավետ չի ներդրողների համար, ուստի պետք է հստակ ավելի մեղմ պահանջներ սահմանել ե՛ւ պետական տուրքի մասով, ե՛ւ ՀՀ ծածկույթի առումով, որ այս ոլորտ ներդրողներ մտնեն»,- նշեց պաշտոնյան:

Նրա խոստովանությամբ՝ Հայաստանը չունի այն հաճախականությունը, որ ունենա մի քանի մուլտիպլեքս, հաճախականությունների բաժանման դիապազոնը երկրում քիչ է, եւ քանի որ մենք փաստացի պատերազմական վիճակում ենք, այդ դիապազոնների մի մասը հատուկ ծառայությունների կամ Պաշտպանության նախարարության տնօրինության տակ են:

«Բայց մեկ մասնավոր մուլտիպլեքս պետք է ունենանք, որտեղ կհեռարձակվեն այն հեռուստաընկերությունները, որոնք մրցույթի արդյունքում չեն կարողանա հեռարձակվել թվային պետական մուլտիպլեքսով։ Հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին»,- շեշտեց ՀՌԱՀ նախագահը՝ հնարավոր համարելով այժմ եթերում եղած մասնավոր հեռուստաընկերությունների լիցենզիաներից զրկումը։

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ թվային ցանցում հեռարձակման համար հեռուստաընկերությունները գումար են վճարում: «Համապետական ծածկույթ ունեցող յուրաքանչյուր ալիք վճարում է տարեկան 72 մլն դրամ, միայն Երեւանի ծածկույթ ունեցողները՝ 18 մլն դրամ»,- հստակեցրեց նա՝ հավաստիացնելով, որ մասնավոր հատվածը մեծ գումար չի սահմանի, իսկ մրցակցության պայմաններում գները նույնիսկ կնվազեն։