Այս իշխանության օրոք է ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը հատկացվել։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա, սակայն, չհստակեցրեց՝ Լիլիթ Մակունցը թե Նազենի Ղարիբյանն են նման որոշում կայացրել։

«Այո, իմ օրոք չի եղել։ Բայց կա մի շատ կարևոր բայց՝ իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Եթե գեղագիտական խորհուրդներում ընդգրկված անվանի մասնագետները ասում են, որ տվյալ գործն արժանի է, որ պետությունը դրան ուշադրություն դարձնի, այդ որոշումներն ի կատար են ածվելու»,-նշեց նա։

Նախարարի խոսքով՝ մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են․ «Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելն այլևս չի լինելու Հայաստանում, ինչ–որ մտացածին հիմքերով, ինչ–որ բաներ չեղարկելը չի լինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է։ Իսկ որոշ մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են»։

Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ: