Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը հաստատել է իր առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադիի մահը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ահաբեկիչների Amaq գործակալությանը։

Բաղդադին անցյալ հանգստյան օրերին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում սպանվել էր ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։

ԻՊ-ն մինչ այսօր չէր մեկնաբանել նրա մահը։ Amaq-ը հայտնել է նաեւ նրա հետնորդի անունը։ ԻՊ-ի նոր առաջնորդ է դարձել Աբու Իբրահիմ ալ Հաշեմի ալ Կուրայշին։

Սուոնսիի համալսարանի հետազոտող Այմեն Թամիմին, որը մասնագիտացած է «Իսլամական պետության» հետ կապված հարցերում, ասել է, թե այդ անունն անհայտ է, սակայն հնարավոր է խոսքը Հաջ Աբդուլլահի մասին է, որին ԱՄՆ Պետդեպը նույնպես համարել էր Բաղդադիի հնարավոր հետնորդ։ Նա չի բացառել, որ Հաջը, դառնալով ԻՊ առաջնորդ, փոեխել է անունը։

ԱՄՆ պաշտոնատար անձանց խոսքերով, ամերիկյան հատուկ ծառայությունները գործողություն են անցկացրել Սիրիայում, որի ժամանակ Բաղդադին գործի է դրել մահապարտի բաճկոնը՝ պայթեցնելով իրեն եւ իր երկու երեխաներին, երբ նրան թունելում անելանելի վիճակի մեջ են գցել։