ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամերիկացիներին կարդալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսային բանակցությունների սղագրությունը, որոնց պատճառով նրա դեմ իմփիչմենթի ընթացակարգ են սկսել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Washington Examiner-ին։

«Վաղ թե ուշ կնստեմ (գուցե դա կլինի նախագահի զրույց ուղիղ եթերով բնակչության հետ) եւ կկարդամ խոսակցության սղագրությունը, որովհետեւ մարդիկ պետք է այն լսեն»,- ասել է նախագահը պարբերականի հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ իր հեռախոսազրույցը Զելենսկու հետ «լավ» էր, եւ ինքը «ոչ մի վատ բան չի արել», ի տարբերություն, նրա խոսքով, ԱՄՆ նախորդ նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ռիչարդ Նիքսոնի։ Միեւնույն ժամանակ, Թրամփն ավելացրել է, որ քանի որ Վաշիգտոնն օգնում է Ուկրաինային, նա «պարտավոր է ուշադրություն դարձնել կոռուպցիային»։ «Մենք նրանց փող ենք տալիս, մենք նրանց զենք ենք տալիս։ Մենք պարտավոր ենք ուշադրություն դարձնել կոռուպցիային»,- ասել է նա։

Դեմոկրատներն սկսել են իմփիչմենթի ընթացակարգն ընդդեմ Դոնալդ Թրամփի Ներկայացուցիչների պալատում՝ նրան մեղադրելով այն բանում, որ խնդրել է օտարերկրյա պետության օգնությունը ընտրություններին՝ քաղաքական հակառակորդին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին (որն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից) վարկաբեկելու փորձի միջոցով, միջամտելու համար։ Թրամփը չի ընդունում մեղադրանքները։

Սեպտեմբերին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների խոսակցության սղագրությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Զելենսկու հետ զրույցում Թրամփը կարող էր խնդրել հետաքննություն սկսել Բայդենի որդու՝ Հանթերի դեմ։ Սղագրությունը հաստատեց, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն հետաքննել նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի ազատման հանգամանքները, որը քննում էր Burisma Group-ի գործունեությունը, որի տնօրենների կազմում էր Բայդենի որդին, եւ հենց Հանթեր Բայդենի գործը։