«Մարտի 1-ի» իրադարձություններից տուժածներին, զոհերի ընտանիքներին արդեն տրամադրվում է փոխհատուցումներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի խոսքով, եղել են նաև մերժվողներ. «Հիմա տրամադրվում են գումարներ, մերժվողներ եղել են, մի քանի մերժում վերջերս եղավ, էն պատճառաբանությամբ, որ առողջությանը ոչ թե միջին կամ ծանր վնաս էր հասցված, այլ թեթեւ, եւ իրենք իրավունք չունեին դիմելու, բնականաբար, մենք էլ մերժել ենք»։

Հիշեցնենք, որ Կառավարության՝ հունիսի 20-ի որոշումով՝ «2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքով այդ իրադարձությունների ժամանակ մահացած անձանց իրավահաջորդները պետք է ստանան 30.000.000–ական դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձինք՝ 15.000.000–ական , առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները` 5.000.000–ական դրամ փոխհատուցում։